Քաղաքական

«Մենք իրապես նվիրված ենք խաղաղության օրակարգին». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում:  Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2018թ. թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների:

«Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է  խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին՝ Ալեն Սիմոնյանը  նշել է. «Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»:

ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին: