Քաղաքական

ԱՄՆ-Իրան հայտարարություններն ընթանում են գետնի վրա առկա տեղաշարժին հակառակ

Radaer Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-ԱՄՆ-ն հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանին Իրանի կողմից սպառնալիքի դեպքում։ Այս հայտարարությունը սոսկ երկու երկրների միջև հակասությունների շարքի՞ց է, թե՞ ավելի խորը ենթատեքստ ունի՝ կապված նաև ռուս-իրանական հարաբերությունների հետ։

- Կարծում եմ՝ առայժմ նման հայտարարություններ պետք է ընկալել զուտ դեկլարատիվ առումով։ Ենթատեքստը ճիշտ նշեցիք։ Իսրայել-Ուկրաինա սպառազինության դիմաց կար Իրան-Ռուսաստան սպառազինություն, ինչը լարվածություն էր ստեղծել առնչված այս երկրների հարթությունում։ Սակայն Թեհրանը միաժամանակ անցնում է Պարսից ծոց-Սև Ծով հայաստանյան տարանցիկությամբ ապարշրջափակվելու գործնական փուլ։ Սա վաղեմի ծրագիր է, որը մինչ այժմ արգելափակվում էր Արևմուտքի կողմից, հատկապես՝ ԱՄՆ-ի։ Հիմա Թեհրանի՝ գործնական աշխատանքների անցումը չէր լինի առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի։ Ստացվում է այն, որ հայտարարություններն ու գետնի վրա տեղաշարժերը հակառակ ուղղություններով են ընթանում։

-ԱՄՆ-ից նման հայտարարություններն արդյո՞ք չեն նպաստում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ամրապնդմանը Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ։

-Առանց այն էլ Բաքուն ագրեսիայի միշտ պատրաստ է, երբ առիթը լինի։ Երկու անմիջական խնդիր ունի՝ «միջանցք» և սահմանազատում-սահմանագծում։ Գիտակցում է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունից առաջ պետք է իրականացնի և դրանով էլ բացատրվում է շտապողականությունը։ Միաժամանակ պարզ է, որ այս շտապողականությունը զսպող գործոններ են հայտնվել, իհարկե, անկախ հայկական գործոնից։

-ԱՄՆ-ն իր աջակցություն է հայտնում Հայաստանին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից՝ նման հայտարարությունն ինչպե՞ս կազդի ստեղծված իրավիճակի վրա։ 

-Եթե փորձենք վերլուծել վաշինգտոնյան եռակողմի առիթով հնչած հայտարարությունները, կնկատենք, որ հայկական կողմի համար բացասական և դրական կետեր են ձևակերպվել։ Նախ այն, որ Վաշինգտոնը ետքայլ արեց՝ չարծարծելով իր նախկին պահանջը՝ ադրբեջանական զորքերը պետք է հեռանան հայաստանյան ինքնիշխան տարածքներից։ Դրականն այն էր, որ թե՛ Բլինկենը, թե՛ Փրայսը խոսեցին գործընթացի երկարատև լինելու, բազմաթիվ տարաձայնությունների առկայության մասին։ Փրայսը անգամ օրինակ բերեց ամերիկյան միջնորդությամբ Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման համաձայնությունը։ Այդ գործընթացին մոտիկից հետևողները լավ գիտեն, թե ժամանակի առումով ինչ երկարատև գործընթացի մասին է այս օրինակը։ Այս ամենը հակադրվում են թուրք-ադրբեջանական շտապողականությանը։

-Այս իրավիճակում ինչպես պետք է Հայաստանը դիրքավորվի, որպեսզի  Իրան-Ադրբեջան-ԱՄՆ եռյակի նկրտումների հետևանքով նոր անվտանգային խնդիրներ չունենա։

-Այս համապատկերում մեզ համար կան երեք հիմնական ուղղություններ։ Առաջինը, Իրանի վճռորոշ կեցվածքը Սյունիքի հայկականությունն ու հայապատկանությունը պահպանելու հարցում, և դրա համար միջանցք չհանդուրժելը։

Երկրորդ, Մոսկվայի առաջադրանքը՝ խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու, ինչը համազոր է կարգավիճակի ճշտման նոր բանակցությունների գնալուն կամ հարցը ձգելուն։ Երրորդ, հավաքական Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից գործընթացի երկարատևությունը շեշտող դիրքորոշումը։ Հայկական դիվանագիտությունը, այս հանգամանքները նկատի ունենալով, ոսկերչական նրբությամբ պետք է աշխատի։ Հայտարարությունների լարվածության հարթությունն ու գետնի վրա գրանցվող իրադարձություններն այլ ուղղություններով են ընթանում։

Հայկ Մագոյան