ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։
Ըստ նրա. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»:
Փաշինյանը նաև ասաց, որ 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում. «Ավելին, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում ՌԴ խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով,- «Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»: