Քաղաքական

Արցախի իշխանությունները չեն պարզաբանում, թե Սերժ Սարգսյանն ինչ օգնություն է առաջարկել պատերազմի ժամանակ

Սերժ Սարգսյանի գրասենյակից Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, թե «պաշտոնաթող նախագահը պատերազմի առաջին օրերին մեկնել է Արցախ՝ իր մարտական ընկերների հետ որևէ կերպ մասնակցություն ունենալու, ստեղծված բարդագույն իրավիճակում պատերազմի և բանակցությունների գրագետ վարման համար սեփական փորձը, գիտելիքն ու հմտությունները փոխանցելու, սակայն Արցախի իշխանություններն անխոհեմաբար նպատակահարմար չեն համարել օգտվել առաջարկվող աջակցությունից»:

Հասկանալու համար, թե այդ ի՞նչ աջակցություն, օգնություն է առաջարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյանը, և ինչո՞ւ են Արցախի իշխանությունները մերժել նրա օգնությունը, Radar Armenia-ն հարցում էր ուղարկել Արցախի նախագահական, սակայն Արցախի իշխանությունները խուսափում են կոնկրետ պատասխան տալուց։

Արցախի նախագահականից հետևյալ պատասխանն են ուղարկել. «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի պատերազմի օրերին հանդիպել է ԱՀ նախագահի նստավայր այցելած բոլոր պետական, քաղաքական, ռազմական ու հասարակական գործիչների հետ, և ԱՀ նախագահի նստավայր այցելած որևէ գործչի կամ պատվիրակության հետ հանդիպման առաջարկը չի մերժվել»։

Նկատենք, որ ԱՀ նախագահականի պատասխանի մեջ չկար մեր հարցի պատասխանը, թե ի՞նչ աջակցություն է առաջարկել Սերժ Սարգսյանը, որ Արցախի իշխանությունները մերժել են։ Ուստի, լրացուցիչ հարցում ուղարկեցինք՝ խնդրելով պատասխանել կոնկրետ հարցին, թե պատերազմի ժամանակ ի՞նչ օգնություն է առաջարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որից օգտվել Արցախի իշխանությունները նպատակահարմար չեն համարել։

Արցախի Հանրապետության նախագահականից ստացված նոր պատասխանում ասվում է. «Նախորդ նամակում հնարավորինս ամփոփ ներկայացվել է Ձեր հարցման պատասխանը»։

Ասել է, թե Արցախի իշխանությունները խուսափում են ասել, թե ինչ օգնություն է պատերազմի ժամանակ առաջարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ստորև ներկայացնում ենք ԱՀ նախագահականից ստացված հարցումների պատասխանները։

Հայկ Մագոյան