Քաղաքական

Որոշ կետերում համընկնում են գլխավոր խաղացողների և Հայաստանի շահերը

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

-Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի երրորդ նիստը։ Այս հանդիպումը որքանո՞վ էր արդյունավետ։

-Սահմանազատման-սահմանագծման գործընթացները ևս ընթանում են զուգահեռ և միջնորդական մրցապայքարային պարունակում։ Չեմ նախատեսում, որ մոտալուտ կլինի ընդհանուր հայտարարի գալը։ Հրապարակային արդեն ասվել է, որ մի քանի տարբեր քարտեզների մասին է խոսքը։ Հայկական կողմն այս պահին ավելի շեշտակի կարող է պայմանական մոտենալ գործընթացին՝ ասելով, որ ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան ելման կետ, որից հետո միայն կարող են շարունակվել բանակցությունները։ Հիմա պահն է, որովհետև նույն պահանջը բարձրաձայնում է նաև միջազգային հանրությունը։ Բաքվի ներխուժումը կապվում է սահմանազատման գործընթացի հետ. ուզում են ճնշել, շտապում են, որ սահմանազատումը լինի։

-ԵՄ-ի և ՌԴ-ի ներգրավվածությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վրա՝ հաշվի առնելով մոդերատորության համար մշտական պայքարը։

-Ըստ էության՝ միջնորդական հակամարտություն է գնում. հայկական կողմը իր հնարավորությունները պետք է փորձի տեսնել։ ԵՄ-ի դիտորդները, փաստահավաքներն ու կարիք գնահատողները կարող են կանխարգելիչ դեր ունենալ Բաքվի հետագա ներխուժման պլաններին։ Իսկ Մոսկվայի ճիգը՝ Արցախի կարգավորումը հետաձգելու, խաղաղապահների առաքելության ժամկետի վերանորոգման առումով ժամանակ կձգի, և դա բխում է նաև մեր շահերից։ Միջնորդական այս մրցապայքարում նրբագույն դիվանագիտություն է պետք կամուրջները պահպանելու ուղղությամբ։

-Նաև խոսվում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին. դատելով նաև Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքներից՝ որքանո՞վ է ռեալ սա, կկարողանա՞ն կողմերը գնալ այդ քայլին։

-Դժվար եմ պատկերացնում նման սցենար։ Բոլորը առաջադրում են խաղաղություն, ապաշրջափակում, սահմանազատում, սահմանագծում։ Խնդիրը միջնորդական մրցապայքարն է և տարածաշրջան ներթափանցելու ակտիվ գործողությունները։ Տիրույթների պահպանման կամ նվաճման հակամարտություն է, և դա չի հուշում վերջնական կարգավորումների մասին։

-ՀՀ ԱԳ նախարարն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը, ռազմական հաջողության հասնելով 2020թ., կոշտ դիրքորոշում է ցուցաբերում. Ադրբեջանին որքա՞ն կհաջողվի նման դիրքորոշում ցուցաբերել։ Թե՞, այնուամենայնիվ, միջազգային խաղացողների ճնշման ներքո հնարավոր կլինի նրան վերադարձնել ռեալ դաշտ։

-Ադրբեջանը հիմա առաջադրում է իր պատկերացումով սահմանազատում իրականացնել, «միջանցք» ձեռքբերել և Արցախի հարցը թողնել անցյալում։ Առաջին գործընթացը սերտորեն առնչվում է հավաքական Արևմուտք-ՌԴ միջնորդական մրցապայքարի հետ։ Երկրորդի դեպքում համընկնում են Իրանի և Հայաստանի շահերը։ Թեհրանը պարզ դարձրեց, որ Իրանի և Հայաստանի դարավոր սահմանի կարգավիճակը չի փոխվելու, և սկսեց խոսել դեպի Պարսից ծոց-Սև ծով՝ Հայաստանի վրայով տարանցիկ ճանապարհաշինության գործնական փուլի մասին։ Իսկ Արցախի խնդրի վերաբերյալ, բացի Մոսկվայից, մյուս համանախագահողներն ասում են, որ դեռևս չի լուծվել, և կա կարգավիճակի խնդիր։ Ամբողջ խնդիրը, ուրեմն, բացառիկ նուրբ դիվանագիտությամբ յուրաքանչյուր գլխավոր խաղացողի հետ այս հեռանկարները նկատելով շարժվելն է։

Հայկ Մագոյան