Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա նշել է, որ ՌԴ-ն մշտապես ողջունում է հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք։
«Երևանի և Բաքվի միջև դեռևս խաղաղության պայմանագիր գոյություն չունի, և դեռ վաղ է խոսել այս փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, սա փոխզիջումների թեմա է, իհարկե, որը պետք է ձեռք բերվի երկու կողմերի միջնորդությամբ։ Եթե երկու պայմանավորվող կողմերն էլ ցանկանան։
Ինչ վերաբերում է հարցերին, որոնք չհաջողվեց համաձայնեցնել, կարո՞ղ ենք խոսել այդ մասին, կարող ենք, բայց պետք չէ, քանի որ դրանք մինչ այժմ կարգավորված չեն, պետք չէ նրանց վրա ուշադրություն սևեռել և փակ կարգով, հանգիստ հասնել դրանց կարգավորմանը։ Սա շատ նուրբ հարց է երկու կողմի համար էլ, և առանց գործընկերներիս համաձայնության ինձ թույլ չեմ տա դրանք մատնանշել»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությամբ Բաքվի և Երևանի միջև շփումները կշարունակվեն․ «Մենք պատրաստ ենք այս հիմքով շարժվել։ Պայմանավորվեցինք, որ այս շփումները, այս բանակցությունները, այս խորհրդակցությունները կշարունակվեն»։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ճակատագիրը կախված է մի շարք հարցերի, այդ թվում` խաղաղության պայմանագրի և սահմանազատման ու սահմանագծման հարցերում կողմերի համաձայնություններից։
Վլադիմիր Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները և դրանց հիման վրա շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման ուղղությամբ։
ՌԴ նախագահը հավելել է, որ կան նախադրյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ճանապարհը գտնվել է։