ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հիշատակեց, թե ինչպիսի բարքեր էին տիրում Հայաստանում մինչև թավշյա հեղափոխությունը։ «Եւ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի, այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ամենաթողությունները, ապօրինությունները քամում են, մսխում էին երկրի կենսունակությունը, մսխում երկրի ապագան»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք մասնակցություն են ունեցել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումներին։ Փաշինյանը նշեց, որ իրենք այդպես մտածող միակ խումբը չէին ՀՀ–ում․ «Այդ առումով մենք ամենևին էլ բացառիկ չէինք և առաջինը չէինք։ Մենք առաջինն էինք ուրիշ բանում, որ հարց բարձրացրինք՝ եթե ընդդիմադիր շարժումներն ամեն անգամ և շարունակաբար ձախողվում են, գուցե ինչ–որ բան սխալ են անում, գուցե խնդիրը ոչ միայն իշխանության բիրտ և կոռումպացված լինելու, այլև ժողովրդին առաջնորդող ուժի, ընդդիմադիր առաջնորդության գործելու մեր մեթոդաբանության և գաղափարաբանության մեջ է խնդիրը»։
Ըստ Փաշինյանի, ՔՊ–ականները քննարկել ու վերլուծել են այս հարցերը․ «Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը և հանրության առաջ հանդես եկանք կոնկրետ ծրագրով»։