«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կուսակցության համագումարի ժամանակ ունեցած ելույթում նշեց՝ ՔՊ–ի՝ ընդիմությունից դեպի իշխանության գալու տարիներին անցել են դժվարին տրանսֆորմացիաների փուլերով։
Տիգրան Ավինյանի խոսքով․ «Մեր Հազարավոր քաղաքացիների դիմումները կուսակցական դառնալու համար լուրջ մարտահրավեր էին՝ հաշվի առնելով, որ բոլորը չէ, որ կրում են կուսակցության գաղափարախոսությունն ու արժեքները:
Կուսակցական տոմսով անձնական խնդիրներ լուծելու կամ արտոնյալ լինելու ժամանակներն անվերադարձ անցել են: Եւ կրկին, այս առումով էլ մենք պատասխանատվություն ունենք ոչ միայն նման երևույթներ թույլ չտալու կուսակցության ներսում, այլև այս փոփոխությունը մեր երկրի մակարդակով անշրջելի դարձնելու առումով։
Դահլիճում ներկա մեր շատ գործընկերներ այսօր զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ, և ես վստահ եմ, որ մենք բոլորս գիտակցում ենք, որ պաշտոնն ու կարգավիճակը ընդամենը միջոց է։ Միջոց նպատակների և գաղափարների իրականացման համար, միջոց ծառայելու քո երկրին և ժողովրդին»։
Այս կապակցությամբ նա կարևոր համարեց մի քանի շեշտադրում անել․ «Շատերս անձնական փորձով գիտենք, թե որքան ժամանակ է տանում գրասենյակային աշխատանքը, անսպառ խորհրդակցություններն ու չդադարող թղթաբանությունը։ Բյուրոկրատիան իհարկե շատ կարևոր է, այնուամենայնիվ, մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի այդ թանկարժեք ժամանակը ճիշտ օգտագործվի։ Մեզ տրված ժամանակում կմնա մեր խոսքը, թող այն բովանդակությամբ լեցուն լինի, մեզ հատկացված ժամանակում կմնա մեր գործը, այնպես անենք, որ այն գովեստի արժանի լինի և շուտ չմոռացվի։ Երբեք չկտրվենք իրական կյանքից։ Անմիջական և ուղիղ շփումների մեջ լինենք մեր հայրենակիցների հետ, միայն դա է թույլ տալու ոչ միայն ճիշտ ընկալել առկա խնդիրները, այլև դրանց դիպուկ լուծումները գտնել։
Տանք մեր հայրենակիցներին նորից ոգեշնչվելու և նորից հավատալու հնարավորություն։ Կապ չունի քանի նոր զարգացման ծրագիր կամ ռեֆորմ կառաջարկենք, եթե մարդիկ չեն հավատում որևէ լուծման»:
Տիգրան Ավինյանը կոչ արեց՝ «Մեր ամենօրյա գործողություններում հիշենք, որ կայացված որոշումները վերաբերում են ինչպես ողջ ժողովրդին՝ հավաքականորեն, այնպես էլ յուրաքանչյուրին անհատապես։ Ասֆալտապատ ճանապարհը հեշտացնում է վարորդի և հետիոտնի կյանքը, որակյալ հանրային տրանսպորտը՝ աշխատանքի շտապող և տուն վերադարձող մարդու կյանքը, պատշաճ հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները՝ բժշկի ու պացիենտի կյանքը, վերանորոգված դպրոցը՝ ուսուցչի ու աշակերտի կյանքը, բարեկարգ բակերն ու խաղահրապարկները՝ փոքրիկների ու երեկոյան հանգիստը վայելող քաղաքացիների կյանքը և այսպես շարունակ։ Տարածված կարծիք կա, թե որևէ իշխանություն չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Մենք պետք է ապացուցենք հակառակը, կարող է և պարտավոր է»։