ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է, թե ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է։
Նրա խոսքով․ «Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող»։ Ըստ Փաշինյանի, իրենց կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։ «Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք մենք, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի և մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով»,– նշեց նա։
Ըստ Փաշինյանի, այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում շատ դեպքերում առաջ ենք անգամ ԵՄ երկրներից։
Նա նշեց, թե ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովվի երկրի զարգացումը։ Նա վստահեցրել է, որ ՀՀ–ում չկան տնտեսական մենաշնորհներ, ներմուծման և արտահանման քվոտաներ․ «Սա փաստ է, և մենք այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում հնարավորություններ ստեղծելն է։ Բիզնեսը, գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից, և այս փաստն ի կատար է ածված»։