Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է։ 1999թ․ այս օրը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը ներխուժեց խորհրդարան և սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին։ Ահաբեկչության զոհ գնացին նաև օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանն ու Արմենակ Արմենակյանը։ ևս 8 հոգի վիրավորվեց։
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել ԱԺ դահլիճում գտնվողներին՝ նախարարների ու պատգամավորների։ Եւ միայն հաջորդ օրը նրանք վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին։
2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ոճրագործությունից հետո առ այսօր 23 տարի շարունակ հնչել է հարցը, թե ո՞վ ամ ովքե՞ր էին կանգնած այս ամենի թիկունքում․ սակայն հարցի պատասխանն այդպես էլ չի տրվել ու կասկածները չեն փարատվել։ 2019թ․ ահաբեկչության կազմակերպիչների դրվագով տուժողի իրավահաջորդներից Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա քրեական գործը վերաբացվեց, սակայն նախաքննությունը դեռ ընթանում է։