«Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ». Հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով խաղաղության պայմանագրի կնքման մասին հարցին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքն ու կառավարությունը գործադրում են բոլոր ջանքերը, որ դա լինի իրատեսական. «Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Որքանո՞վ է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ըստ էության դա տեղի է ունենալու 1991թ. սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմաններն ըստ էության հայտնի են»։
Փաշինյանը նաև նշեց, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև, և սա շատ կարևոր հանգամանք է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն. «Շատ լավ կլինի և գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել։ Մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքերը, որ ձեր ասածը տեղի ունենա»։
Փաշինյանը անդրադարձել է նաև թշնամանք տերմինին. «Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, որովհետև եթե դա կառավարելի չէ, իր հետ կարող է բերել վնաս»։