Radar Armenia-ն օրերս ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե Սերժ Սարգսյանը 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում և դրանից հետո որևէ տեսակի ֆինանսական կամ այլ բնույթի աջակցություն ցուցաբերե՞լ է ԼՂ-ին ու Հայաստանին։ Նաև հետաքրքրվել էինք, թե որ գերատեսչությունների հետ է աշխատել նախագահի գրասենյակը, և ինչպիսի առարկայական արդյունքներ են գրանցվել։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են մեր հարցմանը՝ տեղեկացնելով, որ 2018 թվականից սկսած՝ Սարգսյանը իր կարգավիճակում ու հնարավորությունների սահմանում շարունակել է անձնական ուշադրության կենտրոնում պահել նաև ԼՂ ՊԲ առաջնահերթ կարիքների բավարարման խնդիրը. «Մինչև անցյալ տարի երրորդ նախագահը կազմակերպել է զգալի օժանդակության տրամադրում ՊԲ-ին, որն ուղղվել է, մասնավորապես, դիտարկման համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը, գիշերային տեսադիտարկման և ջերմատեսիլ նշանոցների ու սարքավորումների ձեռքբերմանը, հակառակորդի խոցման և ճնշման համակարգերի ամրաշինական կառույցների զարգացմանը, նաև տեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը»։
Սերժ Սարգսյանի գրասենյակից նշում են, որ հիշյալ տեղեկությունների վերաբերյալ մանրամասները, թույլատրելիության սահմաններում, կարող է տրամադրել ՊԲ-ն։
Հայկ Մագոյան