Քաղաքական

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 33 մլն եվրո

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 33 մլն եվրո

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ու Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծերը:

Առաջինով նախատեսված է 10 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել ոստիկանության բարեփոխումների  իրականացման, միգրացիայի կառավարման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:

Մյուս համաձայնագրով նախատեսված է 23 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական ու դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու զարգացմանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը, նշեց, թե դրա նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշներին համապատասխան։ 

ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական