ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հայտարարությամբ Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը խիտ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։
«Այնտեղ սարսափելի է, կան խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի ապացույցներ։ Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, միջազգային մարդասիրական իրավունք և կանոնադրական, պայմանական և Ադրբեջանի անդամակցության պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարությունն ստորագրած պատգամավորների թվում են Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Սլովենիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչներ: