ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի պաշտոնակցի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։
Միրզոյանի խոսքով, Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը. «Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի իր անունից ասի։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը այդպիսի բան չի ասում և չի էլ կարող իրավացիորեն որևէ կողմ այդպիսի բան պնդել»։
Ըստ նրա, «Ադրբեջանի և Նախիջանի նոր կապուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք, այն չի փոփոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում գործող և ենթադրաբար նոր կառոցվողները։ Կգործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքում, որ անցնում են»։
Հիշեցնենք, Չավուշօղլուն հայտարարել էր, թե Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը համարժեք պետք է լինի Լաչինի միջանցքին։