Քաղաքական

ՏԿԵ փոխնախարարը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության(ԶՖԳ) ներկայացուցիչներին՝ Բերենժեր Կալամանի գլխավորությամբ: 

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԶՖԳ հետ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ոլորտի զարգացման հեռանկարները: 

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ կարևոր է տեղական նշանակության ճանապարհային ցանցի հիմնախնդիրների վեր հանումը, այդ խնդիրների լուծումը և ցանցի վերականգնումը, որն էական ազդեցություն կունենա համայնքներում բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։ 

Նախարարի տեղակալը խոսել է նաև ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներից և հավելել, որ ճանապարհների անվտանգության խնդիրների լուծումներն առաջնային են կառավարության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող կարևոր նշանակության այլ հարցեր ևս: