Քաղաքական

Հայ-ադրբեջանական գործընթացի կարգավորումը չի բխում Ռուսաստանի շահերից

Radar Armenia-ի զրուցակիցն է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։ 

-Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին, Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս հանդիպումից։

-Աստանայում նախատեսված հանդիպումը, ըստ էության, Ռուսաստանի պատասխանն է եվրոպական և ամերիկյան նախաձեռնություններին ու դրանց ակտիվացմանը։ Իմ կարծիքով՝ որոշակի փորձ է լինելու կասեցնել կամ, հնարավորության դեպքում, նույնիսկ վիժեցնել եվրոպական և ամերիկյան նախաձեռնությունները։ Թե ինչքանով հնարավոր կլինի ռուսական քաղաքական ուղղությունը կասեցնել, մեծ առումով կախված է Հայաստանի ու Ադրբեջանի՝ կարգավորման գնալու ցանկությունից, նաև՝ արևմտյան աջակցության մակարդակից։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արձագանքը Պրահայում ՀՀ և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների վերջին հանդիպումներին, ընդունված քառակողմ հայտարարությանը, երբ նշվեց, թե սրանում տեսնում է Եվրամիության փորձերը՝ դուրս մղել Մոսկվայի ջանքերը և մխրճվել հարաբերությունների կարգավորման մեջ։ 

-Ռուսաստանի արձագանքն ամբողջությամբ տեղավորվում է նախորդ պատասխանիս մեջ։ Ռուսաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական գործընթացի կարգավորման մոնոպոլիա ունենալ։ Ընդ որում, օգտագործելու այդ մոնոպոլիան՝ երբևէ թույլ չտալու կարգավորումը։ Որովհետև կարգավորումը չի բխում Ռուսաստանի շահերից։ Ռուսաստանի շահերից բխում է անվերջ քաղաքական գործընթացն՝ իր բացառիկ միջնորդությամբ։ Այսպիսով, արձագանքը շատ բնական է՝ ուղղված, առաջին հերթին, խաղաղության կարգավորման գործընթացների դեմ, և երկրորդ՝ ամերիկյան և եվրոպական նախաձեռնությունների դեմ։

-Ըստ Ձեզ՝ ՌԴ-Արևմուտք մոդերատորության համար պայքարը չի՞ վնասում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացին։

-ՌԴ-Արևմուտք սրացումը և պայքարն, անխոս, վնասում է, բայց այն նոր չէ և եղել է միշտ։ Ուղղակի արցախյան հիմնահարցը վերջին շրջանում խիստ միջազգայնացվել է, և կոնտենտային առումով վնասում է։ Միևնույն ժամանակ, այն ստեղծում է հնարավորություն։ Քանի դեռ Ռուսաստանը ունի բացառիկ դեր, ուժեղ է և հավասարազոր կողմ է՝ ԱՄՆ-ին և Եվրոպային զուգահեռ, այդքանով անհնար է դառնում արցախյան հարցի կարգավորումը։ Եթե բևեռացում է գնում, և առաջ է գնում արևմտյան, ամերիկա-եվրոպական գործընթացը, ապա հնարավորություն է ստեղծվում՝ կարգավորման գնալ առանց Ռուսաստանի։ Ռուսաստանի հետ կարգավորում չի լինելու։

Հայկ Մագոյան