Քաղաքի նկատմամբ վերբերմունքն այն է, թե ինչ նպատակներ ենք մենք մեր առջև սահմանում։ Այս մասին 24News.am-ի եթերում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ եթե ուզում ենք քաղաքը հարմարավետ լինի ավտոմեքենաների համար, դա մի նպատակ է, եթե հարմարավետ լինի, օրինակ, շինարարների համար, դա մեկ այլ նպատակ է, բայց եթե իրապես ուզում ենք հարմարավետ լինի երևանցու համար, պետք է քաղաքապետարանի յուրաքանչյուր պաշտոնյա այդ նպատակին ձգտի։
«Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, որովհետև մեզ մոտ շատ խնդիրներ, որոնք լուծվում են, մարդկանց համար չեն լուծվում»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքն ապրող օրգանիզմ է, զարգացման հետ մեկտեղ ավելանում են նաև խնդիրները․ «Ամենակարևորն անվտանգային խնդիրներն են՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին է խոսքը։ Հասկանում ես, որ մարդկանց տան ներսում քարեր են թափվում, վտանգն այն աստիճանի է, որ շենքը կարող է փլուզվել։ Ամենաբարձրաձայնված խնդիրներից մեկն էլ կապված է տրանսպորտի հետ։ Սակագնի հետ կապված փոփոխությունը համակարգային լուծման մի հատվածն է»,- ասաց Ավինյանը։
ՀՀ նախկին փոխվարչապետն անմասն չմնաց երկրի իրավիճակի մասին հարցից՝ նշելով, որ մեզ այս ընթացքում հարկավոր է ամրանալ, մեջքներս ուղղել, ճիշտ կառուցել բանակցային դիրքը՝ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար․ «Երկարաժամկետ խաղաղության հասնելու կարևոր նախապայմանը մեր բանակի զարգացման ծրագիրն է, այլընտրանք չկա»։
Ավինյանի խոսքով՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար պահանջվում է գիտելիք, որը տարիներով կառավարման պրոցեսներն իրականացնող մարմիններում դեռևս չկա։ «Այստեղ շատ կարևոր է, որ աստիճանաբար սկսենք գնալ նորարարությունների։ Ներքին ինֆորմացիայի տիրապետելով՝ կարող եմ ասել, որ մենք այդ քայլերն իրականացնում ենք»։
Կարող ենք, ռեսուրսներ ունենք հզոր բանակ ունենալու համար՝ շեշտեց Ավինյանը․ «Ամենավտանգավորն բանն այս աշխարհում իրավիճակի սխալ գնահատումն է։ Իրավիճակը ճիշտ գնահատելով կարող ենք գտնել ճիշտ լուծումներ»։
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը 5 տարի հետո․ ըստ Ավինյանի, կլինի զարգացող պետություն՝ արագ տեմպերով աճող բնակչությամբ, զարգացող տնտեսությամբ և բանակով, իսկ Երևանն, իր հերթին, լինելու է ավելի մոդեռն, մարդակենտրոն քաղաք։
«Ես երբեք չեմ երազել լինել իշխանություն, կլինեմ այդ ժամանակ պաշտոնում, թե ոչ՝ էական չէ։ Ամենակարևոր բանը, որ կարող ես անել, լինելով որևէ պաշտոնում, գնահատես այն ժամանակը, որը քեզ տրված է և անես առավելագույնը, որովհետև քեզանից հետո մնալու է այն՝ ինչ արել ես կամ չես արել»,- նշեց Ավինյանը։