Քաղաքական

«Անխուսափելի անհրաժեշտություն է դաշնակիցների ու բարեկամների վերանայումը». Անահիտ Ադամյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։

-ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում անդրադարձել է խաղաղության համաձայնագրին և նշել, որ դա խաղաղության երկարատև միակ ճանապարհն է։ Վերջին շրջանի ամերիկյան ներգրավվածությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։ 

-ԱՄՆ պետքարտուղարի այս զանգը հաջորդում է Պրահայի հանդիպումներին, և, բացի խաղաղության համաձայնագրին անդրադառնալը, Էնթոնի Բլինքենը, ըստ հայկական կողմի հաղորդագրության, կարևորել է ադրբեջանական ԶՈՒ՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, որ մեզ համար կենսական խնդիր է: Նույնքան կենսական են ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը հարցեր, որ ևս քննարկվել են հեռախոսազրույցում:

Առավել քան կարևոր է, որ ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի նախագահի հետ զրույցում ևս շեշտել է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը: Այսինքն, որքան էլ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի պատրաստվում Արցախի հարցով քննարկում ծավալել որևէ երկրի հետ, այդ քննարկումներն անխուսափելի են: Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Ողջունելով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանից 17 ռազմագերիների վերադարձը Հայաստան՝ նա Ալիևին կոչ է արել շարունակել շոշափելի քայլերը՝ աջակցելու խաղաղության գործընթացին: Փաստացի, Հայաստանին հաջողվել է իր համար կենսական խնդիրների քննարկումը դուրս բերել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան բերմուդյան եռանկյունուց և միջազգային հարթակ տանել, որտեղ ունի աջակիցներ: Սա միանշանակ հաջողություն է, որովհետև ունենալով շահերի համընկնումներ՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակը հանդես էր գալիս միասնական տանդեմով՝ ընդդեմ միայնակ մնացած Հայաստանի: ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի՝ Ֆրանսիայի, ԵՄ-ի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի աջակցությունը Հայաստանին ակնհայտ է: Իբրև ժողովրդավարական երկիր՝ ՀՀ-ն բնական դաշնակից է դարձել Արևմուտքին ու բոլոր իրավունքներն ունի Արևմուտքից պահանջել, որ համարժեք գնահատվեն բռնապետական Ադրբեջանի ագրեսիան իր միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ու ռազմական հանցագործությունները: Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը հետագա ագրեսիաների կանխման երաշխիք է: Կկարողանա՞նք հասնել պատժամիջոցների սահմանման, կախված է ոչ միայն Արևմուտքից, այլև մեր քայլերից, որ հապաղում են: Թե՛ 2020-ի պատերազմի ժամանակ, թե՛ մինչև այսօր իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը Հայաստանի թշնամու ռազմավարական գործընկերն է ու շահերի համընկնում ունի հենց նրանց՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, հետևաբար անխուսափելի անհրաժեշտություն է դաշնակիցների ու բարեկամների վերանայումը: ԱՄՆ-ի ու ընդհանրապես Արևմուտքի ներգրավումը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կենսական հարցերի լուծման մեջ միանշանակ դրական է և ազգային ինքնիշխանության ամրապնդման ու կենսական շահերի պաշտպանվածության հնարավորություն է ստեղծում:

-Պրահայի քառակողմ հանդիպման ավարտից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, բայց չի խոսվում ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածքից դուրս գալու մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Պրահայի քառակողմ հանդիպումը ընդհանրական գործընթացի մեկ օղակն է միայն: Թեև տրամաբանորեն ակնկալվում է, որ տարածքային ամբողջականության ճանաչումը ինքնին նշանակում է ադրբեջանական զորքերի դուրսբերում ՀՀ տարածքից, բայց մենք գործ ունենք ագրեսոր ու ահաբեկչական պետության հետ, որի արտաքին քաղաքականության զինանոցում շատ հաճախ է կիրառվել իր խոստումներից ու պայմանավորվածություններից հրաժարվելու հնարքը: Եվ ուրեմն, այս գործընթացը պետք է շարունակվի ու ամրակայվի այլ քննարկումներով ու հարկադրանքի միջոցներով՝ պատժամիջոցներով, մինչև Բաքուն սկսի կատարել իր պարտավորությունները: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է նաև այս խնդրին: Նույնքան պատահական չէ, որ ԱՄՆ կոնգրեսում շրջանառվում են հայանպաստ մի քանի բանաձևեր, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով, որոնցից հատկապես կարևոր է 907 բանաձևի կիրառումը նախագահի հայեցողությանը չթողնելը:

-Այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդերատորի դերը, ըստ էության, ստանձնել է Արևմուտքը։ ՌԴ-ն էլ շարունակում է լռություն պահպանել։ Ռուսաստանի լռությունից վտանգներ ու ռիսկեր կա՞ն։

-Չեմ կարծում, թե ՌԴ-ն լռություն է պահպանում, դժվար է լռություն համարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, կամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պարբերական հայտարարությունները ճեպազրույցներում, թե Արևմուտքը ցանկանում է Մոսկվայից խլել նախաձեռնությունը, թե իրենք լուռ աշխատում են, իսկ Արևմուտքը աղմկում է ու խանգարում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում Ռուսաստանն ինքն է հրաժարվել իր պայմանագրային պարտավորությունների կատարումից՝ թե՛ ՀՀ-ՌԴ համաձայնագրով, թե՛ իբրև ՀԱՊԿ անդամ, բայց փորձում է իրավունքները պահպանել: ՀՀ խնդիրը դիվանագիտության ու բանակի հնարավորությունների համադրումով իր ինքնիշխանության ու ազգային անվտանգության պաշտպանությունն է՝  կանխելով ու չեզոքացնելով վտանգներն ու ռիսկերը. որ երկրից էլ բխեն:

Հայկ Մագոյան