ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսհայտարարություններին, վստահեցնելով, որ «միջանցքի» մասին խոսքերն ուղղված են ուղղված են ներքին լսարանին։
Գրիգորյանի խոսքով, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել. «Որևէ պաշտոնական ձևաչափում, որևէ տեղ ընդհանրապես «միջանցք» բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել: Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ: Եվ ինչքան էլ սրա մասին խոսի Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա, մենք պետք է հասկանանք, որ դրանք կարող են լինել ցանկություններ, նկրտումներ, բայց երբեք չեն կարող տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում: Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ չկա մեր ինքնիշխան տարածքից որևէ միջանցքի մասին խոսակցություն որևէ պաշտոնական բանակցությունում, և սրա մասին փաստում են բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակվել են տարբեր ձևաչափերով»։
Գրիգորյանը կարևորեց նաև միջազգային հանրության ընկալումն այս հարցում՝ հավելելով, որ այսօր միջազգային հանրությունը շատ հստակ, ուղիղ և աներկբա արձանագրում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև միջազգային հանրության համար. «Չի կարող խոսք գնալ որևէ միջանցքի մասին, որը կլինի ՀՀ ինքնիշխան տարածքում: Չի կարող այսպիսի խոսակցություն լինել»։