Քաղաքական

Հայաստանի նախկին նախագահների հանդիպումները Թուրքիայի ղեկավարների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

13 տարվա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 6-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն առանձնազրույց ունեցան։ Նրանք քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

Radar Armenia-ն ներկայացնում է մինչ այս ՀՀ նախկին նախագահների հանդիպումները Թուրքիայի ղեկավարների հետ։

Եվ այսպես, 1995 թվականի հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական հավաքի ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Նշենք՝ Տեր-Պետրոսյանը Դեմիրելի հետ նախկինում ևս մեկ հանդիպում էր ունեցել՝ 1993թ., բայց այն ժամանակ նա Թուրքիայի վարչապետն էր։ 1993թ. ապրիլին Տեր-Պետրոսյանը պատվիրակությամբ մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու նախագահ Թուրգուտ Օզալի հուղարկավորության արարողությանը։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի և Թուրքիայի նախագահները երկու անգամ են հանդիպել։

Առաջին հանդիպումը 1998թ. հունիսի 5-ին էր՝ Յալթայում, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում, իսկ երկրորդը՝ 1999թ. նոյեմբերին, Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ:

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում ՀՀ և Թուրքիայի ղեկավարները հանդիպել են 2 անգամ՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում։

2008 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Աբդուլա Գյուլը ժամանել էր Երևան, իսկ մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 14-ին, Սերժ Սարգսյանն էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով մեկնել Բուրսա՝ դիտելու Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:

Ստացվում է՝ ՀՀ բոլոր ղեկավարներն էլ նախկինում հանդիպումներ ունեցել են Թուրքիայի նախագահների հետ՝ փորձելով կարգավորել հարաբերությունները, բայց նրանցից և ոչ մեկին դեռ չի հաջողվել հաջողության հասնել։

Հայկ Մագոյան