Քաղաքական

Փաշինյան-Էրդողան երկխոսությունը նվազեցնում է պատերազմի ռիսկերը

Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Պրահայում քառակողմ, այնուհետ Փաշինյան-Էրդողան հանդիպումներն ու դրանց հետևած հայտարարությունները։ 

-Այդ բոլոր հանդիպումներն ու բանակցությունները շատ կարևոր են։ Նախ անդրադառնամ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպմանը։ Ես ցանկացած բանակցություն ավելի եմ կարևորում, քանի իրավիճակի էսկալացիան ու ռազմական բախումները։ Այդ իմաստով, բանակցությունը դրական եմ համարում։ Դրական եմ համարում նաև այն, որ կա որոշակի համաձայնություն դելիմիտացիայի և դեմարկացիայի հիմքը հանդիսացող ստատուս-քվոյի վերաբերյալ։ Խոսքս այն մասին է, որ հիմք է ընդունվել 1991 թվականի ստատուս-քվոն։ Սա հույսեր է տալիս, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հնարավոր կլինի անձեռնմխելի դարձնել պայմանագրի կնքման ժամանակ։ Հիմա խոսեմ ռիսկերի մասին։ Առաջինը նկատելի էր, որ ադրբեջանական զորքերի՝ օկուպացված տարածքներից նահանջի մասին որևէ խոսք չկա։ Սա բացասական եմ համարում, որովհետև կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները գնահատականի չեն արժանացել։ Ակնհայտ չեն դեօկուպացիայի հետևանքները երբ և ինչպես են վերացնելու։ 

1991 թվականի ստատուս-քվոն մի ռիսկ էլ կարող է առաջացնել։ Դրա վերացումը կախված է նրանից, թե ինչքանով արդյունավետ կգործի մեր դիվանագիտությունը։ Խոսքն այն մասին է, որ կարող է օրակարգ բերվել, այսպես կոչված, անկլավների հարցը։ Մեր դիվանագիտությունը պետք է մաքսիմում ձգտի նրան, որ անկլավների հարցում կարողանանք պահպանել ստատուս-քվոն։ Մյուս բացասականն այն է, որ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ Սա նշանակում է՝ հայկական կողմի առաջարկած մեխանիզմի շուրջ, որը ենթադրում էր Բաքու-Ստեփանակերտ դիալոգ, համաձայնություն չի եղել, որի մասին շատ բացահայտ հայտարարեց նաև Ալիևը։ Ցավոք, այս պարագայում Բաքվի օրակարգն է դոմինանտ եղել։ 

-ԵՄ քաղաքացիական առաքելությունը ի՞նչ դերակատարում կարող է  ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ 

-Ինչ վերաբերում է եվրոպական քաղաքացիական առաքելությանը, ես այդ հարցում առանձնապես մեծ լավատեսություն չունեմ, որովհետև այն ընդունվել է Հայաստանի կողմից, որը մասնակի է ընդունվել կամ, կարելի է ասել, գործնականում չի ընդունվել Ադրբեջանի  կողմից։ Անհասկանալի է, թե ԵՄ քաղաքացիական առաքելությունն ի վերջո ինչ դերակատարում կարող է ունենալ։ Իմ խորին համոզմամբ՝ դա արվել է Մակրոնի, որպես միջնորդի, դեմքը փրկելու համար։ Եվ շատ կարևոր է նաև, թե ինչպես պիտի դիտորդական առաքելությունը ներդաշնակեցնի գործունեությունը ռուսական կողմի հետ, որովհետև Զախարովան երեկ նաև իրենց առաջարկների մասին էր ակնարկում։ Եվ գաղտնիք չեմ բացահայտի, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում ՌԴ-ն շատ կարևոր դեր ունի, որովհետև քարտեզները պահվում են Ռուսաստանում։

-Հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն տարածեցին՝ խոսելով սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մասին, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Ինչպե՞ս հասկանալ սա։ Արդյո՞ք սահմանազատման հարցերում Արևմուտքը վերցնում է ՌԴ հանձնառությունը։

-Նման միտում տեսնում եմ, բայց իրատեսական չեմ համարում, որովհետև գետնի վրա այդ հարցում շատ մեծ լծակներ ունի Ռուսաստանը։ Ի վերջո, իր գլխավոր շտաբում են պահպանվում անհրաժեշտ քարտեզները։ Գուցե Արևմուտքի կողմից լինի, բայց դրան թերահավատորեն  եմ վերաբերում։ Շարունակելով քառակողմ հանդիպումների թեման՝ պետք է նկատել նաև, որ տարածքների ապաշրջափակման հարցում լուծումների և համաձայնությունների չեն հանգել։

-Խոսեցիք ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունների մասին։ Այս հանդիպումների համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերության մոդերատորի դերը ՌԴ-ն կզիջի՞ արևմուտքին։ Կարծես թե ՌԴ-ն միանշանակ չէր ընդունել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ եվրոպական ակտիվությունը։

-Այստեղ էլ իմ հիմնական մտահոգությունն է ասպարեզ գալիս, որ մենք մրցակցային միջնորդական հարթակների մասնակցություն ենք ձեռք բերում, ինչը, ցավոք սրտի, ռիսկերը մեծացնելու է։ Այո, երեկ Ռուսաստանը շատ հստակ հասկացրեց, որ արդյունավետ կամ հավասարակշռված չի համարում արևմտյան միջնորդությունը։ Ավելին ասեմ, որ ՌԴ-ն հակամարտող կողմերին համապարփակ լուծումների առաջարկ է արել։ Մտավախություններ ունեմ, որ միջնորդական հարթակների միջև մրցակցություն է լինելու, ինչը դրական հետևանքներ չի ենթադրում։

-Ի՞նչ կասեք Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին։

-Դա շատ կարևոր հանդիպում էր, որովհետև Թուրքիան, ՌԴ-ի հետ, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետներից կամ այսօրվա ստատուս-քվոյի ճարտարապետներից մեկն է։ Բնականաբար, այս դիալոգը շատ կարևոր է։ Դա, մի կողմից, նվազեցնում է պատերազմի ռիսկերը, մյուս կողմից՝ մեծացնում Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունները և նպաստում ՀՀ սուբյեկտությանը։ Այլ խնդիր է, որ մենք հայ-թուրքական հարաբերություններում մեծ առաջընթաց չպետք է սպասենք, քանի դեռ կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի մասին շատ ուղիղ տեքստով հայտարարեց նաև Էրդողանը։

Հայկ Մագոյան