Քաղաքական

Իրանա-ադրբեջանական սահմանին զորավարժություններ իրականացնելը Ադրբեջանի առաջարկն է

Radar Armenia-ի զրուցակիցը տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանն է։

-Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Բաղերին օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել հայ-ադրբեջանական տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։ Իրանի արձագանքը կո՞չ է, թե՞ նախազգուշացում կարմիր գծերի մասին։ 

-Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հայտարարությունը, ինչպես նաև Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձները տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ, տեղավորվում են Իրանի հարավկովկասյան քաղաքականության բովանդակության համատեքստում, որի մասին ընդգծել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Խամենեին՝ հատկապես Աստանայի ձևաչափով ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումներում։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական և պետությունների սահմանների փոփոխությունները կարմիր գծեր են Իրանի համար, և ցանկացած մեթոդով նա փորձելու է բացառել նման զարգացումները, իսկ մյուս կողմից, իհարկե, կոչ է անում՝ տարածաշրջանում ծագած խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Քանի որ այժմ ակտիվ ժամանակաշրջան է նաև Հարավային Կովկասում, և պարբերաբար օրակարգում են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այնպես էլ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական պրոյեկտի իրականացման քաղաքականությունը, այս առումով Իրանը տարածաշրջանում ընթացող գործընթացների մասով դարձել է ավելի ազդեցիկ։ Հետևաբար, իրանական պաշտոնական շրջանակների կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններն ու թեմատիկ արծարծումները պետք է դիտարկել այս տրամաբանությամբ։

-Միաժամանակ, նրանք քննարկել են սահմանին համատեղ զորավարժություններ անցկացնելու թեման։ Սա ի՞նչ է նշանակում։

-Իրան-Ադրբեջան սահմանին զորավարժություններ անցկացնելու թեման, մեծ հաշվով, ադրբեջանական կողմի առաջարկն է, որի նպատակը Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ մեղմելուն միտված քայլ է։ Սրան զուգահեռ, Ադրբեջանից իրանական կողմին արվում են այլ առաջարկներ ևս։ Օրինակ, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում որոշ շինարարական ծրագրեր իրականացնելու կամ քաղաքական-տնտեսական ոլորտներում ակտիվ համագործակցության առաջարկներ։ Այս երկու ուղեգծերին զուգահեռ, իրանական կողմի դիրքորոշումը մեղմելու նպատակով, պաշտպանական ոլորտներում ինչ-որ միջոցառում իրականացնելու միջոցով  Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ազդել Իրանի հարավկովկասյան տարածաշրջանային ու հատկապես «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի հանդեպ Իրանի դիրքորոշման վրա։

-Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Իրանը փորձում է մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությանը հակակշռե՞լ, թե՞ իսկապես մտահոգված է ստեղծված իրավիճակով։

-Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Իրանը փորձում է մեր տարածաշրջանում առավելապես պաշտպանել սեփական կենսական շահերը, որոնք մեծապես պայմանավորված են տարածաշրջանում թուրքական գործոնի աննախադեպ աճով, այսինքն, տարածաշրջանային ուժային հավասարակշռության կտրուկ փոփոխությամբ։ Սա նաև պայմանավորված է Ռուսաստանի համար ուկրաինական ճգնաժամով  պայմանավորված խնդրահարույց իրավիճակով։ Մյուս կողմից, կենսական, անվտանգային և լոգիստիկ խնդիրներ լուծելու նպատակով է պայմանավորված Իրանի նման դիրքորոշումը և այդ համատեքստում վարվող քաղաքականությունը։ Նաև մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է ակտիվացրել Իրանի տարաբնույթ հակառակորդներին՝ Թուրքիային, Ադրբեջանին, Իսրայելին, ԱՄՆ-ին, որոնք փորձում են ստեղծված իրավիճակում առավել սեղմել Իրանի շուրջ օղակը և փակել ԻԻՀ հնարավորություններն ինչպես միջուկային, այնպես էլ՝ տարածաշրջանային և ռազմական ոլորտներում։ Եվ Իրանի սկզբունքային և կտրուկ արձագանքը առաջին հերթին սեփական կենսական շահերը պաշտպանելու նպատակ է հետապնդում։

-Ամերիկյան ակտիվությունը Հայաստանում կարո՞ղ է ազդել Իրան-Հայաստան հարաբերությունների վրա, և ինչպե՞ս։

-Միանշանակ, ամերիկյան ակտիվությունը կարող է ազդել Իրան-Հայաստան հարաբերությունների վրա՝ որպես սահմանափակող գործոն, որը կարող է խոչընդոտել առանձին ոլորտներում հարաբերությունների խորացումը երկու երկրների միջև։ ԱՄՆ-ն և ԻԻՀ-ն նաև գաղափարական հակառակորդներ են տարածաշրջանային հարցերի շուրջ։ Վստահաբար, ԱՄՆ-ի առավել ակտիվ դերակատարումը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ Երևան-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունների տիրույթում, որոշակի սահմանափակող գործոն է եղել և ներկայումս էլ շարունակվում է լինել Հայաստան-Իրան հարաբերությունների համար։

Հայկ Մագոյան