Քաղաքական

Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է. «Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք։ Այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»:

Փաշինյանը հիշեցրել է վերջին օրերին բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների մասին. «Այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ, վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է բացել»։

Նա նշել է, որ բավարարված է սեպտեմբերի 13-ի իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքով. «Բայց բավարարված ենք այս պահի դրությամբ, և պետք է շարունակենք աշխատանքը, որ միջազգային աշխատանքը լինի հետևողական։ Պարզ է, որ ողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, թե ինչպես պետք է մենք լուծենք այս խնդիրը, ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակը»։

Նա ներկայացրել է ուղղությունները, որոնք բանակցություններում առաջ ընթանալու հնարավորություն ստեղծել. «Ես նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ եմ խոսել 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար»։ 

Հաջորդ ուղղությունը, ըստ Փաշինյանի, Արցախի և Ադրբեջանի միջև «խոսակցության մեկնարկն» է. «Հաջորդը, որ ես կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող»։