Երևանի փոխքաղաքապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը մասնակցել է Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը։
Իր ելույթում նա կարևորել է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը։ Ըստ նրա՝ արհեստական բանականությունը կարող է դիտարկվել որպես տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել աշխատուժին, մարդկանցից խլել աշխատատեղերը:
Ավինյանի խոսքով. «Բայց կարծում եմ, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում դա այդքան էլ վախեցնող չէ: Այն իրականում այսօր փոխլրացնում, օգնում է աշխատուժին: Կան վերջին 10 տարիների ընթացքում իրականացված մի շարք հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ արհեստական բանականությունն ավելի շատ օգնում է, քան խանգարում»։
Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել, այն այդ ոլորտներում կարող է բերել նորարարություն: Ըստ Ավինյանի՝ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել նաև կրթության ոլորտում. «Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը ապահովել է, ապահովում է և պետք է ապահովի նորարարություն և լավարկում: Մենք օգտագործում ենք շատ նման բաներ, օրինակ, դեմքով ճանաչումը (face recognition) կամ, երբ արհեստական բանականության գործիքներն օգնում են բարելավել քաղաքաբնակների կյանքը: Նման տեխնոլոգիաներն աշխատում են ի նպաստ նրանց, որոնք գիտեն այդ տեխնոլոգիաները, տիրապետում են դրանց, դրանից վախենում են նրանք, որոնք ծանոթ չեն և ասում են, թե նորարարությունը վատ է, իրենցից խլելու է իրենց աշխատանքը»։
Ավինյանն ընդգծել է՝ արհեստական բանականությունը ստեղծում է նոր որակ և նոր հնարավորություններ: