Քաղաքական

Այս պահին խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ժամանակավրեպ է

Հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։

-Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից։

-Կարծում եմ այդ հանդիպման ընթացքում Էրդողանը փորձելու է ճնշումներ գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի վերջինս ընդունի Ադրբեջանի համար սկզբունքային նշանակություն ունեցող երկու օրակարգերում Իլհամ Ալիևի պահանջները։ Խոսքը խաղաղության պայմանագրի օրակարգի և այսպես կոչված զանգեզուրի միջանցքի մասին է։

-Այս հանդիպումն ի՞նչ կարող է տալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով։

-Թուրքիայի նախագահը և այլ պաշտոնյաներ բազմիցս հրապարակայնորեն նշել են, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը պայմանավորված է հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, և կարծում եմ այս մեսիջն էլ ուղղվելու է Հայաստանի վարչապետին։ 

-Տեսնու՞մ եք հարաբերությունների կարգավորման հեռանկար՝ մոտակա ժամանակահատվածում։

- Ես կարծում եմ, որ այդ հանդիպման ընթացքում կարող են անուղղակի սպառնալիքներ հնչեցվել Հայաստանի նկատմամբ, որ եթե Հայաստանն արագ քայլեր չձեռնարկի այս օրակարգերում առաջընթացի համար՝ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել ռազմական էսկալացիայի դեպքում։ Ուստի այս պահին խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին երևի ժամանակավրեպ է։ 

-Թուքիան իր հարաբերությունները ՀՀ հետ պայմանավորել է ԼՂ խնդրով։ Հիմա այդ առումով ի՞նչ կասեք, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները, սահմանային լարվածությունը։

- Այս պահի դրությամբ ողջ ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական համատեքստերում տարբեր գործընթացների վրա, և հենց այդ գործընթացներից է ապագայում կախված լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց։

Հայկ Մագոյան