Քաղաքական

«Ժամանակակից միջազգային իրավունքում ռազմագերու չվերադարձնելը ռազմական հանցագործություն է». Վարդանյան

«Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները, որովհետև ժամանակակից միջազգային իրավունքում ռազմագերուն չվերադարձնելը, վերադարձի  ձգձգումը համարվում է միջազգային ռազմական հանցագործություն և դիտարկվում որպես Ժնևյան կոնվեցիայի լուրջ խախտում». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին վերադարձնելու՝ բարձր մակարդակով պայմանավորվածությունները չկատարելու հանգամանքին։

Պատգամավորը, սակայն, դժվարացավ ասել, թե այդ քայլով ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը «պատանդային բանակցություններով» փորձում է որոշ հարցերում շատ ավելի ճկուն դարձնել իր դիվանագիտությունը. «Բայց պետք է հստակ արձանագրել, որ գերիների հայրենադարձումը միջազգային պարտավորություն է, որը ստանձնել է ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ նաև՝ ողջ միջազգային հանրության, և գերիները պետք է անհապաղ վերադարձվեն»։

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ նման գործելաոճով ադրբեջանական կողմը փորձում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի բանակցային ավելի լավ դիրքերում հայտնվի. «Բայց, կարծես, այդ գործընթացում միջազգային հանրության սիմպատիաների մեծ մասը Ադրբեջանից անցել է Հայաստանին։ Ավելի շուտ՝ Ադրբեջանին երբեք էլ չի եղել։ Եվ մենք պետք է պարզապես արձանագրենք, որ առարկայական բանակցային գործընթացը չափազանց կարևոր է, և մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ, ըստ էության, Ադրբեջանից պահանջելով բանակցությունների սեղանի շուրջ կարգավորել այդ հարցը»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին, բայց հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։

Հայկ Մագոյան