Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայից հետևանքով 17 հայ զինծառայողի է գերեվարել, սակայն մանրամասներ չի հայտնում ՄԻԵԴ-ին. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի միջազգային իրավական հարցերով գլխավոր գրասենյակի տեղակալ Դիանա Քարազյանը։
Նրա խոսքով. «Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»։
Քարազյանը նշել է, որ ՄԻԵԴ-ը Բաքվից պահանջել է մանրամասն տեղեկություններ տրամադրել բանտարկյալների մասին՝ բժշկական զննության ապացույցներ և այլ տվյալներ, սակայն ադրբեջանական կողմը տրամադրել է անորոշ, ընդհանրական տեղեկություն:
Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։ Նա նաև հավելեց, որ այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվում է շուրջ 30 գերի, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք: