Քաղաքական

«ՀՀ անվտանգությունն ապահովելու համար բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք»․ վարչապետ

Պետք է արձանագրել, որ սահմանին իրավիճակը կայուն լարված է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությունը՝ նոր սադրանքները բացառված չեն»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակվում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների անունները, վարչապետը նշեց․ 

«44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակելը։ Զոհերի անունների ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնիք է»,- ասաց վարչապետը և հավելեց, որ թյուրիմացություններից խուսափելու համար կհրապարակվեն այն անունները, որոնք դե յուրե հաստատվել են։ 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, թե բանակցային գործընթացներից տեղյակ է միայն բանակցողը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակներ՝ խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Անվտանգության խորհուրդը, ԼՂ նախագահը։ 

«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրաժարվել են այդ տեղեկատվությունն ստանալ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը ևս, ըստ էության, հրաժարվել է»,- ասաց վարչապետը։

Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք՝ ասաց վարչապետը։ 

«Ֆրանսիայի ՊՆ կողմից ուղարկվող առաքելությունը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը՝ հետագա վերլուծության համար։ Միջազգային դիտորդական առաքելության մասին խոսելիս նկատի ունենք մշտական կամ երկարաժամկետ դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկն իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն գործողություններ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղությունն անհրաժեշտություն է, որի հետևից պետք է գնալ։ Որքան սուր է վիճակն, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Պետք է այնպես անել, որ խաղաղությունը տարածաշրջանի համար դառնա ընդհանուր շահ։