Քաղաքական

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս

Ադրբեջանի հետ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցություններ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։

«Մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել։ Այժմ բանակցություններ կլինեն պայմանագրի տեքստի մշակման շուրջ։ Բանակցությունների սեղանին հիմա ստորագրելու որևէ թուղթ չկա։ Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված, որը մենք ենք պատրաստել, սակայն դա պատրաստ չէր ստորագրել Ադրբեջանի նախագահը»,- նշեց ՀՀ վարչապետը։ 

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու համաձայնագրի վրա, ապա ՀՀ-ն պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ 

«Արցախի հարցի քննարկման հիմնական շահառուն, սակայն, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետն ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սակայն իր ձևակերպմամբ՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։

«Սա բառախաղ չէ, սա լուրջ բովանդակություն է։ Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական։ Ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար «կարմիր գիծ է»։ Նախորդ տարի, երբ տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, դիմեցինք ՀԱՊԿ-ին, ստացանք պատասխան, որ սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ։ Այդ դեպքում այդ «կարմիր գիծը» որտեղո՞վ է անցնում։ Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել՝ ՀԱՊԿ չկա, քանի որ այն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,- շեշտեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը միշտ հանդես է եկել հստակ գնահատականներով։ Նա ներկայացրել է այն իրողությունները, որոնց շուրջ քննարկումներ են ունեցել։ 

«Շատ կարևոր է, որ ՌԴ իշխանության օղակների այլ մարմիններ, որոնք առնչվում են թեմայի հետ, որևէ գործողություն չձեռնարկեն, որ կասկածի տակ դնի հրապարակային ձևակերպվող դիրքորոշումների անկեղծությունը։ Եղե՞լ են արդյոք նման բաներ, այո, և այս հարցերը մենք հստակ ձևակերպել ենք մեր ռուս գործընկերների առաջ»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ են արվում՝ տողատակերում փորձելով տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ 

«Մենք դեմ չենք ճանապարհների բացմանը։ Մեր ցանկությունը որպեսզի հստակ արտահայտվի, նույնիսկ նախագծի անուն ունենք՝ «Հայկական խաչմերուկ»։ Սրանով ցույց ենք տալիս, որ այս գործը համարում ենք մեր սեփականը»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով միջազգային գործընկերներին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս, և մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք։ 

«Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիի այցին, ապա այդ այցը Հայաստան հակառուսական չի եղել, պետք չէ հակառուսական կոնտեքստ տալ․ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ և պետք չէ թերագնահատել ալդ քայլը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք սերտ համագործակցում ենք տարբեր ոլորտներում։

Հնդաստանից զենքի գնման վերաբերյալ կարող եմ ասել, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը պետք է հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ հնդկական մամուլում եղած հրապարակումները ՀՀ-ի կողմից չեն հերքվել։ Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակը մեծացնելու համար»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը, վարչապետը շեշտեց, որ Պրահա մեկնելու որոշում ունի, պատրաստվում է մասնակցել ԵՄ գագաթնաժողովին, իսկ Էրդողանի հետ հանդիպումը կկայանա, թե ոչ՝ չի կարող ասել, սակայն բացառված չէ, որ հանդիպումը, այնուամենայնիվ կկայանա։