«Դեմ եմ բանակը նվիրատվության օբյեկտ դարձնելուն»․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
30 Սեպտեմբերի 2022, 22:56ԼՂ հարցում բանակցողի կերպարը կարևոր է և կարող է իրավիճակ փոխել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ՝ 1998 թվականին բանակցողի կերպարն աղետալի կերպով փոխեց իրավիճակը և ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց։ Բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թվականին մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրեցին 1991 թվականի անկախության հանրաքվեն և 1990 թվականին օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրն այդ մասով»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով բանակի խնդիրներին՝ վարչապետն ընդգծեց, որ այդ մասով ՊՆ-ում փակ հանդիպում է տեղի ունեցել։
«Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնած է եղել դիրքերում։ Այլ բան է, որ ուժերն անհավասար են եղել։ Ես չեմ ասում, թե մեր բանակում բոլոր խնդիրները լուծված են, սակայն ի՞նչ է նշանակում, թե փողոցում տարբեր բաներ են հավաքում։
Երեկ պաշտպանության նախարարությունում փակ հանդիպում է տեղի ունեցել։ Հարցրել եմ, ի՞նչ խնդիրներ կան՝ քլունգ, բահ, կոշիկ, սնունդ, էքսկավատոր, ինչի՞ պակաս կա, ասել են նման խնդիրներ չկան։ Պետք է արգելել փողոցներում բանակի համար ինչ-որ բաներ հավաքել։ Դեմ եմ բանակը նվիրատվության օբյեկտ դարձնելուն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մեր պետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հաստատման փուլում ենք, և սա շատ կարևոր գործընթաց է։
«Պետք է ամուր լինենք և այս ճանապարհն անցնենք։ Պետության հարատևության երաշխավորման գործընթաց է և, այո՛, կան ռիսկեր։ Պետք է լինենք վճռական։ Սա չի նշանակում, թե մինչև հիմա անկախ չենք եղել, պարզապես մեր ոչ բոլոր հարթություններն են լրացված եղել, և մենք այսօր առերեսվում ենք այդ ճեղքերի հետ»,- ասաց վարչապետը։
Նա հավելեց, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, համաշխարհային փոթորիկ է։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն