Քաղաքական

Ռուսաստանը որևէ կերպ չի ցանկանում մոնոպոլիայից զրկվել

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին, իսկ արդեն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այս երկու հայտարարություններին նշեց. «Լավրովի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը որևէ կերպ չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու կամ չկարգավորելու մոնոպոլիայից զրկվել»:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ՀԱՊԿ դիտորդական առաքելությունով փորձում է փոխարինել իրական դիտորդական առաքելությունը. «Ռուսաստանը որևէ կերպ շահագրգռված չէ, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեն արտասահմանից եկած մարդիկ՝ այդ թվում նաև զինվորականներ»։

Ըստ Ստեփանյանի՝ պետք է հասկանանք, որ Հայաստանի համար այնքան էլ ձեռնտու չէ, որ սահմանին տեղակայվեն ռուսներ, ղազախներ կամ ղրղզներ. նման սցենարի դեպքում շարունակվելու է այն ինչ տեղի է ունենում այսօր. «Ադրբեջանը շարունակելու է կրակել, ՀԱՊԿ-ը շարունակելու է անատամ վերաբերմունք ցույց տալ։ Եվ շարունակելու է հայտարարություններ անել, որոնք ուղղված են լինելու երկու կողմին։Եվ մենք հստակ արձագանք չենք ստանալու»։

Ստեփանյանի համոզմամբ, Հայաստանի շահերից է բխում, որ դիտորդները լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդից կամ էլ ԵԱՀԿ անդամ երկրներից։ 

Հայկ Մագոյան