Տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
-Այս օրերին ԱՄՆ-ում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Արդյո՞ք ինչ-որ տեղաշարժ նկատվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
-Այս պահին որևե դրական տեղաշարժ ակնկալելը ռեալ չի։ Ցավոք, տեղաշարժ կլինի, երբ հայկական կողմը ընթացք տա ադրբեջանական պահանջներին։ Հիշենք, որ ադրբեջանցիները պահանջում էին Բերձորի միջանցքի փակում և այլընտրանքային երթուղու բացում, ինչը ստացան հայկական շրջաններին հարվածելուց հետո․ նույն ռազմաքաղաքական վարքագիծն է շարունակվում։ Ագրեսիա են իրականացնում, ներխուժում հայաստանյան ինքնիշխան տարածք՝ պարտադրելու համար սահմանազատում-սահմանագծումը կամ, իրենց պատկերացմամբ, «միջանցքը»։
-Հոկտեմբերի 2-ին Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք և ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։
- Այս դեպքում հանդիպման վայրը՝ Մոսկվայից դուրս, ուշագրավ է։ Մոսկվան մնայուն փորձում է եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում իրականացնել համաձայնված կետերը։ Դա ենթադրում է բացառապես Մոսկվայի միջնորդությամբ շարունակել աշխատանքը։ Ժնևում կայանալիքը հուշում է, որ սահմանազատման-սահմանագծման օրակարգին առընթեր կարծարծվի զորքերի ելման դիրքեր վերադարձի պահանջը, ինչն ստացել է միջազգային հնչեղություն։
-Ռուսական կողմը ևս հայտարարում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին խոսք չկա։ Սա ինչի՞ մասին է խոսում, ինչպե՞ս հասկանալ։
-Սա կառչած մնալու մոտեցում է եռակողմ համաձայնություններին, որտեղ իրոք «միջանցք» բառը չկա։ Բայց ամրագրվել է, որ նոր բացվող ճանապարհների անվտանգությունը վերահսկելու են ռուսական զորքերը։ Ռուսական մոտեցումը պայմանավորված է բացառապես ռուսական երաշխավորությամբ գործընթացներն իրականացնելու վարքագծով։ Եվ դրա համար էլ հղում է արվում իրավապայմանագրային փաստաթղթերին՝ եռակողմ համաձայնություններին։
-Ըստ ձեզ, այնուամենայնիվ, ու՞մ ձեռքին է գտնվում խնդրի լուծման բանալին։
-Չի կարելի միանշանակ մի կողմի վերագրել լուծման բանալու վայրը։ ՌԴ նախագահն ասում է, որ «սահմանային խնդիրների» լուծման բանալին սահմանազատում-սահմանագծումն է՝ Ռուսաստանի երաշխավորությամբ։ Ֆրանսիայի նախագահը ակնարկեց նույն գործընթացն իրականացնել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներգրավմամբ, իսկ Վաշինգտոնը խոսեց գործընթացին տեխնիկապես օժանդակելու պատրաստակամության մասին։ Եթե հավելենք, որ Իրանն էլ կտրուկ մերժում է Հայաստանի հետ իր սահմանային կարգավիճակի որևէ փոփոխություն, կամ Անկարան տարածաշրջանի խաղաղությունն ու Անկարա-Երևան հարաբերությունների բնականոնացումը փոխկապակցում է Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի հանգրվաններին հետ, ապա պատկերացում կկազմենք, թե որքան աշխարհաքաղաքական նշանակություն են ստացել ուղիղ մեզ հետ առնչված գործընթացները։ Իսկ համընդհանուր կոնսենսուս դեռևս չի երևում։
Հայկ Մագոյան