Տարածաշրջանային հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։
-ԱՄՆ-ի միջնորդությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Նախկինում նրանք հանդիպում էին ԵՄ միջնորդությամբ, հիմա այդ դերը ստանձնել է ԱՄՆ-ն։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ԱՄՆ-ն փորձում է իր ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը։
-Ակնհայտ է, որ Շառլ Միշելի միջնորդությունը չկարողացավ ապահովել Ադրբեջանի կառուցողական վարքը և ռազմական ուժի կիրառումից զերծ մնալը: Դա կապված է այն բանի հետ, որ ԵՄ-ն ավելի շատ գործում է փափուկ ուժի միջոցով, ինչը տվյալ դեպքում բավարար չեղավ դեռ էյֆորիայի տակ մնացած Ալիևի համար: Այժմ ԱՄՆ-ն, որի անմիջական ազդեցությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ նրա հովանավորներ Ռուսաստանի և Թուրքիայի վրա ավելի մեծ է, և, վերջապես, նա երկրագնդի ամենաբարձր ուժային ատյանն է, անմիջականորեն իր վրա է վերցնում տարածաշրջանում խաղաղ կարգավորման գործընթացը, այլ ոչ թե միջնորդավորված, ինչպես դա ԵՄ միջնորդության դեպքում էր:
-Ձեր տպավորությամբ՝ ՌԴ-ն ձեռքերը լվացե՞լ է այս գործընթացից, թե՞ ոչ։
-Անդունդը գլորվող այդ կայսրության նկրտումները Հարավային Կովկասում կարելի է բնութագրել հենց ռուսական մի ասացվածքով. не до жиру – быть бы живу. Պուտինը ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող ոչինչ անել Հվ. Կովկասում, առավելագույնը՝ մանր վնասարարություն, օրինակ, իր գործակալական ցանցի՝ դեռ իրեն հավատարիմ մնացած խելահեղ հատվածի միջոցով փորձել ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, կամ էլ ինչ-որ տնտեսական պատժամիջոցներ կիրառել ՀՀ դեմ, եթե դուրս գանք դավաճանական ակումբ ՀԱՊԿ-ից ու 1997թ. բազայի պայմանագրից:
-ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Սենատ։ Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ուժերի ապօրինի և անհիմն հարձակումը Հայաստանի վրա և կոչ անում Միացյալ Նահանգներին՝ անվտանգության ոլորտում անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ սենատը կընդունի բանաձևը։ Նման գործողություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ստեղծված իրավիճակը կայունացնելու համար։
-Մենենդեսի բանաձևը ճնշման գործիքներից ընդամենը մեկն է: Մյուսը Ջեքի Սփեերի օրինագիծն է: Այս ամենին կարող են հետևել այլ լծակներ, ընդհուպ՝ Ադրբեջանին ագրեսոր և օկուպանտ ճանաչելը: Սա այն ֆոնն է, որը ԱՄՆ-ն ստեղծում է Ալիևին սթափեցնելու համար: Ալիևը ամենալավը ճնշման և սպառնալիքների լեզուն է հասկանում: Շառլ Միշելը չափից դուրս քաղաքավարի և փափուկ էր Ալիևի հանդեպ: Բանաձևերը կարող են ընդունվել, եթե Ալիևը չհասկանա իր վիճակի բարդությունը և իր արկածախնդիր ծավալապաշտության հետևանքների ծանրությունը: Հաջորդ քայլը կլինի այդ բանաձևերի հիման վրա ԱՄՆ պետքարտուղարության և Սպիտակ տան գործադիր որոշումները Ալիևի և Ադրբեջանի դեմ: Ամեն բան կարվի հերթով, կարգով: Բայց չեմ կարծում, որ էյֆորիան լիովին մթագնել է Ալիևի ինքնապաշտպանական բնազդը: Կարծում եմ՝ նրա դեմ դնելու են նաև Արցախում ռուսական զորքերը միջազգայինով փոխարինելու պահանջ, եթե ոչ՝ հենց հիմա, ապա՝ շատ մոտ ապագայում, Ուկրաինայում ռուսական զորքերի ջախջախմանը զուգահեռ, ու նա դրան էլ է համաձայնվելու: Ժամանակի հարց է:
Հայկ Մագոյան