ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է երեկ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմը երեք զոհ է ունեցել։ Փաշինյանի գնահատմամբ, սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորում է։
Նրա խոսքով. «Ադրբեջանական ստորաբաժանումները հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում, պետք է արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում։ Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է։ ՀՀ տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է ետ քաշվի ՀՀ տարածքից»։