ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ԶՈՒ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ է սկսել, և հիմա Ադրբեջանը սահմանային սադրանքներով փորձում է անել այնպես, որ այդ բարեփոխումները չիրականացվեն։
Փաշինյանի խոսքով. «Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք ու ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա իհարկե ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը»։
Նրա գնահատմամբ, այս ամենը տեղի է ունենում հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք. «Ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»։