ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այսօրվա ասուլիսում անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախմբման կոչին, նշեց, որ կապիտուլյացիան դեգրադացիա և անզորության զգացում է առաջացնում. «Եվ սա պետք է այն մարդկանց, որոնք այսօր կոնսոլիդացիայի կոչ են անում»։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով Քոչարյանի հայտարարություններին, նշեց՝ հարցին պետք է գլոբալ նայել. «Մոռանանք՝ ով է կոնսոլիդացիայի մասին խոսել։ Հայաստանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու ռեսուրսներ ունի՞։ Միանշանակ՝ ոչ»։
Ըստ Սուրենյանցի՝ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով և, ըստ էության, չի կարողանում կատարել այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ և երկկողմ համաձայնագրերով ամրագրված են։
Սուրենյանցի կարծիքով՝ Ռուսաստանին զսպող դերակատարության վրա էլ մեծ հույսեր կապել պետք չէ․ «Միևնույն ժամանակ հասկանալի է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ արևմտյան երկրները փորձում են իրավիճակի վրա ազդել դիվանագիտական, քաղաքական գործիքակազմով»։
Քաղաքագետը հույս հայտնեց, որ այն ազդեցություն կունենա, բայց այդ գործիքակազմը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. «Եթե այս գործընթացը վիժեցվի, պատերազմի վտանգը շատ մեծ է։ Այս իրավիճակում, երբ խոսվում է ցավոտ լուծումների մասին, ելակետ է ընդունվում այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ 2020-ի աշնանային պատերազմում պարտությունից հետո Հայաստանը չի կարող բարենպաստ լուծում ստանալ»։
Սուրենյանցը մանրամասնեց՝ Ադրբեջանի հետ կնքվող ենթադրյալ պայմանագիրը չի կարող բարենպաստ լինել, որովհետև աշխարհում չկա գեթ մեկ նախադեպ, երբ պատերազմում պարտված երկիրը կարողացել է բարենպաստ պայմաններով պայմանագիր կնքել։
Անդրադառնալով Լևոն Տեր Պետրոսյանի՝ համախմբման կոչի վերաբերյալ շահարկումներին, քաղաքագետը շեշտեց, որ «այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբվելու մասին չէ, ինչը փորձեց ինտերպրետացնել Քոչարյանը»։
Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ խոսքն այն մասին է՝ արդյո՞ք գնում ենք քիչ զիջումներով խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ կոնսոլիդացիայի, թե՞ դա մերժում ենք՝ դուռ բացելով Ադրբեջանի առջև։
Սուրենյանցը նկատեց՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանը պայմանագրի ստորագրման շուրջ որևէ կոնսոլիդացիայի չի գնալու իշխանությունների հետ, հետևաբար այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը թողնելու են միայն իշխանության վրա։
Սուրենյանցի կարծիքով ՝ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հաշվարկները կառուցում է այն հիմքով, որ հանրապետության փլատակների վրա գեներացնի իր քաղաքական օրակարգը։
Հայկ Մագոյան