ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։
Միրզոյանը հիշեցրել է, որ երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:
Նախարարի խոսքով. «2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»։
Միրզոյանը նաև տեղեկացրել է, որ Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Ըստ Արարատ Միրզոյանի. «Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների»։
Միրզոյանը պնդել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. «Առաջին հերթին ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի:
Միաժամանակ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները»։