Քաղաքական

Սահմանային լարվածությունը թուլացնելու՝ միջազգային մեխանիզմների գործարկման ակնկալիքները չափազանցված են

Ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։

-Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների մասնակցությամբ: Ըստ ձեզ՝ ո՞րն է եղել հանդիպման իրական շարժառիթը, և ինչու՞ հենց հիմա։

-Նախընտրելին, իհարկե, վարչապետի նախաձեռնությունը կլիներ՝ Հայաստանի և ԼՂՀ նախկին նախագահների հետ քննարկելու իրավիճակը, բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ 

-Ըստ տարածված հայտարարության՝ որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։ Առանց գործող իշխանության ներկայացուցիչների մասնակցության՝ այսօրինակ հանդիպումներն ի՞նչ կարող են փոխել ստեղծված իրավիճակում, հատկապես՝ արտաքին մարտահրավերների պայմաններում։

-Եթե Մայր Աթոռի տարածած տեղեկատվությունը հիմք ընդունենք, ապա քննարկվել է ներքաղաքական իրավիճակը, իսկ հանդիպումները կշարունակվեն, թե ոչ, պարզ կդառնա, կարծում եմ, առաջիկա օրերին։ Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակում ոչ ոք պատրաստ չէ ամբողջական պատասխանատվություն վերցնել։ Կուզենայի սխալված լինել։

-Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետը ծավալուն ելույթով անդրադարձավ Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ՀՀ ԱԳ նախարարն էլ կարճ զրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս հանգամանքները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմաններին լարվածությունը թուլացնելու վրա։

-Փաշինյանի ելույթը, եթե հակիրճ ասեմ, սպասումներս չարդարացրեց։ Իմ կարծիքով՝ սահմանային լարվածությունը թուլացնելու համար միջազգային մեխանիզմների գործարկման ակնկալիքները, մեղմ ասած, չափազանցված են։

-Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել ՀՀ սահմանների ուղղությամբ, և դա՝ այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ադրբեջանը ձգտում է քաղաքական և իրավական լուծումներ պարտադրել։ Դա ՀՀ ետպատերազմական երկու տարվա անարդյունավետ դիվանագիտական աշխատանքի հետևանք է։ Այլ բացատրություն չկա։

Հայկ Մագոյան