Քաղաքական

Սյունիքի մարզպետը ընդունել է Սյունիք այցելած՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին

Սեպտեմբերի 22-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Սյունիք այցելածy՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։ 
Թիմի կազմում  էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաեւ Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։ 
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այս ծանր օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ եթե այս թիմի անդամների հետ նախկին հանդիպումներում քննարկվում ու պայմանավորվում էին զարգացման ծրագրերի մասին, ապա այժմ մարզում առաջնահերթությունները փոխվել են։ 
Մարզպետը միջազգային գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ փաստելով, որ դա բոլոր  իրավունքների կոպտագույն խախտում է։ «Ու սա անպատիժ չպետք է թողնել, ուստի մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը նաեւ ձեր միջոցով կտեղեկանա ու կարձագանքի այս ամենին, որովհետեւ  տեսնում ենք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ», -  ասաց Ռ․Ղուկասյանը։ 
Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր, խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների  մասին։ 
«Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում», - նշել է մարզի ղեկավարը։ 
Նա նաեւ հավելել է, որ մարզում՝ որտեղ որ կա հնարավորություն, պետք է իրականացվեն ներկա գործընկերների հետ նախատեսած  այն ծրագրերը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումներում պայմանավորվածություններ կան։  
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ բացի աջակցության ծրագրերից ու մարզում կոնկրետ գործունեությունից, պատրաստ են հավաքած տեղեկատվությունը, լսած առաջարկներն ու տեղում ստացած ուղերձները փոխանցել իրենց գլխամասային  գրասենյակ։