Քաղաքական

«Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։

Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հրետակոծել է ՀՀ 36 բնակավայր։

«Սա սահմանային միջադեպ չէր, այլ ուղիղ հարձակում ՀՀ-ի ինքիշխան տարածքի վրա։ Պաշտոնական հայտարարությունները և տեղեկատվական այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է բռնազավթել ՀՀ նորանոր տարածքներ․ դա անհրաժեշտ է կանխել»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է  հրադադարը։ 

«Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում Հայաստանի հետ խաղաղության ձգտող պետություն։ Այդ տպավորությունը բեմականացնելու համար օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տարածաշրջանի հաղորդակցությունների բացման օրակարգերը։ 

Ինչո՞ւ շոշափելի առաջընթաց չունենք այս ուղղություններով։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանը բոլոր այս թեմաները շահարկում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար»,- շեշտեց Փաինյանը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պարտավոր է արտատարածքային միջանցք տրամադրել և որ դա պետք է անի 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի հիման վրա։ 

«Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և դրա 9-րդ հոդվածը որևէ դրույթ չի պարունակում միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ադրբեջանի նպատակը նոր ճգնաժամ ստեղծելն է՝ որպես պատրվակ ՀՀ հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու և տարածքային նոր պահանջ ներկայացնելու համար։ 

Ինչ վերաբերում է միջանցք ձևակերպմանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ միջանցք է հիշատակված և դա Լեռնային Ղարաբաղի համար Լաչինի միջանցքն է»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Նա շեշտեց, որ Հայաստանի նպատակը տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունն է։ «Անհերքելի է, որ ելնելով տարածաշրջանային անվտանգության շահերից և միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ 

Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան և ժողովրդավարական պետության կողքին»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ։