Քաղաքական

Արցախի հարցում Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը դեռ ընթացքի մեջ է

 Տարածաշրջանային հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է վերլուծաբան Միքայել Հայրապետյանի հետ:

-Հայ-ադրբեջանական երկխոսությունը Արեւմուտքի, թե՞ ՌԴ-ի տիրույթում է այժմ։ Ըստ այդմ, ինչո՞վ է պայմանավորված Արեւմուտքի ակտիվությունը։

- Պարոն Պուտինը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հայտարարեց, թե «Ղարաբաղյան կոնֆլիկտ» հասկացություն այլևս գոյություն չունի, հուսալով, որ միայն իր կնքահայրությամբ և իր պատկերացումներին համապատասխան՝ տարածաշրջանում կարգ կհաստատի: Սակայն Արևմուտքը պնդեց Մինսկի խմբի գործունեության շարունակման վրա, և ՌԴ-ն համակերպվեց, որ կոնֆլիկտը, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ամերիկյան և եվրոպական միջնորդական ջանքերը չեն դադարել մինչև այսօր, ուստի հայ-ադրբեջանական երկխոսության դաշտը երկփեղկված է, և կողմերից ոչ մեկն այսօր լիակատար առավելություն չունի: Արցախի հարցում Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը դեռ ընթացքի մեջ է. դա նրանց միջև լրջագույն դիմակայություն է, պատերազմ: Արևմուտքի, Ձեր ասած, ակտիվությունն էլ պայմանավորված է Հարավային Կովկասը Ռուսաստանին՝ միանձնյա տնօրինման չզիջելու և Իրանի ու Մերձավոր Արևելքի հետագա ճարտարապետման հարցում Ռուսաստանին խաղի մեջ մտնելուն խոչընդոտելու ռազմավարությամբ:

- ԱՄՆ-ում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նաեւ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է նման եւս մեկ հանդիպման անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանդիպումը, որքանով էր այն արդյունավետ։

- Պարոն Բլինքենի ոչ միայն այդ հանդիպումների կազմակերպումը, այլև հաճախակիցած հեռախոսազանգերը ԿԳԲ-ի գեներալի որդի Ի. Ալիևին, այս փուլում նշանակում է պատերազմ թույլ չտալ, ինչը ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների տրամաբանության մեջ չէ:

- Դրան նախորդեց Նենսի Փելոսիի այցը Հայաստան։ Այս համատեքստում ի՞նչ ուղերձներ էր պարունակում այցը Հայաստան։

- ԿՀՎ-ի ղեկավարի, ապա և տիկին Փելոսիի այցերը շատ ուղղակի զգուշացումներ էին հավանական սպառնալիքների մասին. ի դեպ, Զապորոժիեի ատոմակայան այցելած ՄԱԳԱՏԷ-ի միջազգային խումբը մոտ օրերս կլինի Հայաստանում: Այդ այցերը նաև հստակ հանձնառություն են, որ ԱՄՆ-ն, անկախ մեր ռազմաքաղաքական թշնամական ճամբարում գտնվելու հանգամանքից, մեր ողջամիտ քաղաքականության դեպքում կերաշխավորի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Եվ դա բառացի ասվեց:

- Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի արձագանքը այդ իրադարձություններին։

- Իհարկե, Ռուսաստանի համար անցանկալի էր ԱՄՆ-ի այդպիսի կտրուկ միջամտությունը հարավկովկասյան ռազմավարական խնդիրներին, որը Ռուսաստանի կողմից արդեն 200 տարի ընկալվում էր որպես մենաշնորհային: Բնական է, որ Ռուսաստանը որոշակի ջղաձգումներով պետք է արձագանքեր, ինչն այս օրերին անում է ոչ միայն քաղաքական քայլերով, այլև քարոզչական: Անշուշտ, դա վայել չէ 300-ամյա կայսերական ավանդույթներ և մինչև վերջերս համաշխարհային գերտերության համարում ունեցող պետությանը, թեև միանգամայն հասկանալի է ուկրաինական խայտառակ պատերազմի պատճառով նրա՝ ոչ ադեկվատ դառնալը: Ռուսական ներկա ոչ ադեկվատությունը լրջագույն մարտահրավեր է մեր քաղաքական մտքին:

Հայկ Մագոյան