Քաղաքական

«Սահմանին իրանական զորքերի կուտակումը հստակ ուղերձ է Ադրբեջանին». Բեգիջանյան

ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակման համատեքստում Իրանի կողմից հնչած հայտարարությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։

-Իրանի արձագանքը Ադրբեջանի ռազմական ներխուժմանը բավարա՞ր էր, թե՞ ոչ։

-Իրանի արձագանքը բավարար է՝ հաշվի առնելով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին Ռայիսիի կոշտ հայտարարությունները և Իրան-Ադրբեջան սահմանում զորքերի կուտակումը։ Մենք ի՞նչ ենք սպասում Իրանից, եթե սերտ համագործակցության քայլեր չենք անում։ Ես նման քայլեր չեմ տեսնում, գուցե արվում են։

-Իրանը խոսում է սահմանների անձեռնմխելիության մասին, սա ի՞նչ է նշանակում։ 

-Սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը չի կարող իր ցանկացած «Զանգեզուրի միջանցքը» ստեղծել Հայաստանի տարածքով, որը չի վերահսկելու Հայաստանը։ Ինչը նաև փակելու է Հայաստան-Իրան ուղիղ կապը։ Մինչդեռ Իրանը դեպի Ռուսաստան և Եվրոպա Հայաստանով անցնող ճանապարհը համարում է իր համար վստահելի և անվտանգ։

-Իրանական զորքերը սահմանին կուտակելը ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Իրանական զորքերի կուտակումը սահմանին հստակ ուղերձ է Ադրբեջանին։ Եթե փորձի միջանցք բացել ռազմական ուժի միջոցով, Իրանը համապատասխան քայլի կդիմի, անգամ՝ ռազմական միջամտության։

-Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է, որ Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի։ Ինչպե՞ս հասկանալ, և ի՞նչ սպասել։ 

-Ըստ իս՝ ամեն բան պարզ է։ Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ուժով ներխուժել Հայաստան և միջանցք բացել, Իրանի ռազմական միջամտությունը չի ուշանա։ Բայց այս ֆոնի վրա արդյո՞ք մենք քայլ անում ենք։ Իրանը իր շահերից ելնելով է նման հայտարարություններ անում, և մենք պետք է այս շահերի համադրումը օգտագործենք ու սերտորեն համագործակցենք Իրանի հետ։

Հայկ Մագոյան