Քաղաքական

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագա՞հ

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջիկայում առաջադրվելու է ԲԴԽ նախագահի պաշտոնում։ 

Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն կապ հաստատեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանի հետ։

«Նախարար Կարեն Անդրեասյանը շարունակում է կատարել իր աշխատանքը: Սահմանային լարված այս իրավիճակում նման հարցերի մեկնաբանումը պատշաճ և տեղին չէ, իսկ եթե նախարարությունում որևէ փոփոխություն լինի, պատշաճ ընթացակարգով կտեղեկացնենք»,- ասաց Մելքումյանը:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնակատար Լիլիթ Շաբոյանն էլ ասաց, որ այս պահին ԲԴԽ նախագահի ընտրության հարց չի քննարկվում՝ նշելով, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, օրենքով սահմանված կարգով, կատարում է Սերգեյ Չիչոյանը:

«Խորհուրդը բաղկացած է տասը անդամից՝ 5 գիտնական և 5 դատավոր անդամներ, այս պահին բոլոր դատավոր անդամներն ընտրված են, իսկ գիտնական անդամների երկու թափուր տեղ կա: Օրենքով սահմանվում է, որ ԲԴԽ նախագահ ընտրվում է ըստ հերթականության՝ դատավոր անդամ, որից հետո գիտնական անդամ: Այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է պարոն Չիչոյանը՝ մինչև գիտնական անդամ կընտրվի: Իսկ թե դա ինչ ժամկետներում տեղի կունենա, նշել չեմ կարող»,-ասաց Լիլիթ Շաբոյանը։

ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նախարար Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին շրջանառվող լուրերը չմեկնաբանեց։

Հայկ Մագոյան