Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 22 ℃

Рус Eng

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ

Քաղաքական

19 Սեպտեմբերի, 22:38

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության