Քաղաքական

ԱՄՆ-ին մեր տարածաշրջանում տևական խաղաղություն պետք չէ. Բաղդասարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

-Երկօրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այս այցից, ԱՄՆ-ն ի՞նչ նպատակ էր հետապնդում։

-Միացյալ Նահանգները Հայաստանում երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջինը՝ թուլացնել Ռուսաստանին, որպեսզի այստեղ լարվածություն լինի, և բացվի երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ՝ օգտվելով նրանից, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում և խիստ անբարենպաստ դիրքում է հայտնվել։ Երկրորդ նպատակը՝ հեռավար թիրախում Իրանն է։ Այսինքն, հետագայում Իրանին նույնպես թուլացնել և հյուսիսային սահմանները ավելի վերահսկելի դարձնել Արևմուտքի համար։ 

-ԱՄՆ-ն, ըստ էության, հասցեական դատապարտեց Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածք։ Այս հայտարարությունները կարո՞ղ են զսպող ազդեցություն ունենալ՝ նման միջադեպերը տևական ժամանակ բացառելու, նաև՝ զորքերը ետ քաշելու առումով։ 

-Չեմ կարծում, որովհետև ԱՄՆ-ն որքան էլ թիվ 1 գերտերությունը լինի աշխարհում, այնուամենայնիվ, բոլորովին այլ շահեր է հետապնդում և մեր տարածաշրջանում առայժմ իրական լծակներ չունի։ Այս տարածաշրջանում իրական լծակներ ունի ռուս-թուրքական տանդեմը։ Եվ որքան էլ մեզ համար բարոյապես հաճելի և նպաստավոր լինի, պետք է հասկանանք, որ իրական քաղաքականության մեջ եթե այս փուլում Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հարմար գտնեն ավելի լարել իրավիճակը, ԱՄՆ հայտարարությունները զսպող նշանակություն չեն ունենա։

-ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, մեկնաբանելով Փելոսիի այցը Հայաստան, հայտարարել է. «Կարգավորման տանող քայլերը կարելի է ողջունել, իսկ արդյո՞ք դրան կնպաստեն բարձրագոչ հայտարարությունները, տեսնենք»։ Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգներին, մեծ հաշվով, տևական խաղաղություն պետք չէ։ Հակառակը, այստեղ պետք է լարում, որպեսզի Ռուսաստանը, որպես մեր տարածաշրջանում թիվ 1 ներկայացվածություն ունեցող երկիր, անգամ հակառակ իր կամքի, ներքաշվի։ Ինչը, մեծ հաշվով, Միացյալ Նահանգներին ձեռնտու է։ Դրա համար էլ Ռուսաստանին այս պահին գուցե պետք չէ լարվածության նոր օջախ, կամ պետք է այնպիսին, որ ինքը վերահսկի, իսկ ԱՄՆ-ին, ընդհակառակն, պետք է, որ Ռուսաստանը ներգրավվի, և դրանով երկրորդ ճակատը ստանա։

Հայկ Մագոյան