ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, մշտադիտարկում է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող մի քանի տեղամասերում։ Ուսումնասիրվել են նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խումբն այցելել է Սյունիքի մարզի Գորիս և Ակներ համայնքներ, որտեղ հրետանու խոցման հետևանքով տուժել է բնակելի շենք։ Ինչպես նշել է Սիդորովը, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկ-ղրղզական սահմանային գոտում ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել։
«Թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ տաջիկ-ղրղզական հակամարտություններում առաջնահերթությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին։ Մենք «պատյանից թուրը դեռ չենք հանի», կփորձենք հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է Սիդորովը։