Քաղաքական

Շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի քննարկման ընթացքի վերաբերյալ։

Նրա խոսքով, քննարկման արդյունքներով առայժմ փաստաթուղթ չի ընդունվել, սակայն սա չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը. «Այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել  է «ագրեսիա» եզրույթը։ Շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր»։

Ըստ Միրզոյանի, բազմաթիվ երկրներ խոսել են ԼՂ հակամարտության մասին. «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որ նրանք փորձում են շրջանառել մեկ տարուց ավելի, թե «ԼՂ խնդիր չկա», «ԼՂ չկա», իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»։

Միրզոյանը գնահատականի խոսքեր ասաց այն երկրներին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև. «Պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ։ Եվ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները չարդարացան»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում մնալ։