Քաղաքական

Միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

- Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը՝ ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ նկատմամբ։  Տեղի ունեցածը միջազգային լայն արձագանք ստացավ։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բավարար էր միջազգային հանրության արձագանքը։

- Կարծում եմ՝ արձագանքը համարժեք չէ. խախտվել է ինքնիշխան հանրապետության տարածքային ամբողջականությունը, ոտնձգություններ են իրականացվել միջազգայնորեն ճանաչված սահմանների ուղղությամբ, թշնամին գործել է ռազմական հանցագործության ամենավայրագ մեթոդներով։ Կան հավասար հեռավորության կանոններով արձագանքներ, կան կիսահասցեական հրապարակումներ, և կան ուղղակի Ադրբեջանի ագրեսիան մատնացույց անող պետություններ։

- ՌԴ արձագանքն այնքան էլ միանշանակ չէր, և սա քննադատվեց երկրի ներսում։ Ինքներդ ինչո՞վ եք բացատրում նման պահվածքը։

- ՌԴ-ն, պարզ է, Արևմուտքի թափանցման դեմն առնելու և, հատկապես, Ուկրաինայի պատերազմում ներգրավված լինելով, հարավային Կովկասում արդեն ստիպված էր իր դիրքերն ու ազդեցությունը կիսել Անկարայի հետ։ ՀԱՊԿ-ը ևս չաշխատեց. եթե 2020-ի աշնանային պատերազմում հրադադարի ճարտարապետը ՌԴ-ն էր համարվում, հիմա նույնը չէ։ Վաշինգտոնը ադրբեջանական հարձակման նախօրեին արդեն պարզ դարձրեց, որ աշխույժ դիվանագիտություն է իրականացնելու տարածաշրջանում։ Հիմա արդեն հրադադարի կայացման մեջ նկատվում է Վաշինգտոնի կամ, ընդհանրապես, միջազգային հանրության ներգրավվածությունը։ ՌԴ-ն աշխատում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում լուծել խնդիրները։

- Ինչ զարգացումներ կարելի է սպասել, և այսքանից հետո արդյո՞ք խաղաղության օրակարգը սպառված է, թե՞ դեռ ոչ։

- Մեզ հետ առնչված ռազմաքաղաքական գործընթացները, թե՛ արցախյան հակամարտության և թե՛ Հայաստան-Ադրբեջան ուղղություններով, ստացել են տարածաշրջանային տարողություն։ Առնչվել են, բացի Մոսկվայից ու Անկարայից, Թեհրանը, Վաշինգտոնը ու Բրյուսելը։ Սա խոսում է մեր խնդիրների աշխարհաքաղաքականացման մասին։ Խաղաղության օրակարգը կենթարկվի վայրիվերումների, և չեմ կարծում, որ այն բնական ընթացակարգով գնա։ Գործընթացները պիտի դիտարկել գլխավոր խաղացողների ազդեցության գոտիների մրցապայքարի համատեքստում, ինչը ցնցումներ է նախատեսում։

Մի օրինակ կարող է պատկերացում ուրվագծել ամբողջ գործընթացների շղթայի մասին. Անկարան և Բաքուն միջանցք են ուզում, Իրանը դեմ է սահմանի կարգավիճակի ցանկացած փոփոխության, Մոսկվան, որը չի հակադրվում Անկարային՝ ըստ էության դեմ լինելով, ուղիղ չի արգելակում, Վաշինգտոնն ու Բրյուսելն էլ հայտարարում են, որ ԵԱՀԿ-ն պետք է վերագործարկվի, և աշխուժացնում են իրենց միջնորդական դերը՝ միաժամանակ, Իրանի հետ «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» խաղալով։ Ստացվում են գործընթացային ելևէջներ և հանգուցալուծումների ձգում։

Հայկ Մագոյան