Քաղաքական

«Պետք է գործել կառուցողական, ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի վերջիններս աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ»․ Միրոսլավ Յենչա

ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստում  քննարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչան հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ ՄԱԿ-ն իրավասու չէ ստուգելու կամ հաստատելու հայկական կամ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ կապված էսկալացիայի հետ:

«Այնուամենայնիվ, մենք խորապես մտահոգված ենք այս վտանգավոր սրացման կապակցությամբ: Մենք հորդորել ենք կողմերին անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար: Հայաստանում և Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի խմբերը կապ են պահպանում իշխանությունների հետ և պատրաստ են արձագանքել հումանիտար կարիքներին»,- նշել է նա։

Յենչան շեշտել է, որ 2020թ. հետո սա ամենամեծ բախումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Սա նշանակում է, որ կողմերի միջև կարգավորման գործընթացը լուրջ խոչընդոտների է բախվում: Սա նաև ընդգծում է անհրաժեշտությունը, որ կողմերն առաջ շարժվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման շրջանակում»,- նշել է նա: 

Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը:

«Պետք է գործել կառուցողական, ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի վերջիններս աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով միջնորդական մեծ ջանքեր են գործադրվում, մասնավորապես՝ Ռուսաստանի և Եվրամիության կողմից: Դա կարող է հիմք հանդիսանալ կողմերի համար՝ սկսելու երկխոսություն դեպի երկարաժամկետ խաղաղություն»,- նշել է նա:

Յենչան շեշտել է, որ ՄԱԿ-ը սերտ կապեր է պահպանում շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի: Նա վստահություն է հայտնել, որ չնայած կողմերի միջև առկա անվստահությանը և հակասություններին՝ դրանք կարելի է հաղթահարել: 

Նա հավելել է, որ կողմերը պետք է կատարեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունները և կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: